Գերմանիան Իրաքի հետ բանակցություններ է վարում բնական գազի ներկրման հնարավորության շուրջ, ասել է կանցլեր Օլաֆ Շոլցը՝ էներգիայի իր աղբյուրները դիվերսիֆիկացնելու Բեռլինի փորձի ֆոնին, որպեսզի փոխհատուցի ռուսական հանածո վառելիքի մատակարարումների կրճատումը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք խոսել ենք նաեւ Գերմանիա գազի հնարավոր մատակարարումների մասին եւ պայմանավորվել ենք սերտ կապ պահպանել»,- Բեռլինում Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շայա ալ-Սուդանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Շոլցը։ Նա չի հստակեցրել գազի ծավալները, որոնք Գերմանիան հույս ունի ներկրել Իրաքից։
Բաղդադը գերմանական ընկերություններին իրաքյան բնական գազում ներդրումների հնարավորություն է առաջարկել, ասել է ալ Սուդանին՝ հավելելով, որ Իրաքը ցանկանում է գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնել։
Իրաքը շարունակում է այրել հում նավթի հետ միասին արդյունահանած գազի մի մասը, քանի որ տեղական սպառման կամ արտահանման համար այն վառելիքի վերածելու սարքավորումներ չունի:
Գերմանիան, որը նախկինում իր գազի ներմուծման 55%-ը ստանում էր Ռուսաստանից, Կատարի եւ ԱՄՆ-ի հետ գործարքներից հետո ձգտել է դիվերսիֆիկացնել ՀԲԳ-ի իր ներկրումը, որպեսզի խուսափի մի քանի արտահանողներից մեծ կախվածությունից:


























