ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի ծովային բաղադրիչի հրամանատարությունը, որն ամեն տարի փոխվում է դաշինքի անդամ մի քանի երկրների միջեւ, փետրվարի 1-ից կանցնի Թուրքիային, հաղորդում է TRT հեռուստաընկերությունը։

2022 թվականի սկզբից այդ գործառույթը կատարել է Մեծ Բրիտանիան, 2024 թվականի փետրվարին հրամանատարությունը կանցնի Իտալիային։ 

ՆԱՏՕ-ի ծովային ուժերի կառավարման համար կօգտագործվի Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարական TURMARFOR կենտրոնը, որը բացվել է 2020 թվականին եւ հնարավորություն ունի համակարգելու տարբեր երկրների ծովային ուժերը:

TURMARFOR-ի ներկայացուցիչ Ջյունեթ Թալայմանի խոսքով՝ նման հնարավորություններ ունեն ՆԱՏՕ-ի եւս չորս երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան:

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Հուսեյն Թիգլին նշել է, որ նման փոխգործակցությունը ցույց է տալիս այն կարեւորությունը, որով Թուրքիան վերաբերում է ՆԱՏՕ-ին: