Բելգրադը նախադրյալներ չի տեսնում Սերբիայի եւ չճանաչված Կոսովոյի հարաբերություններում լարվածությունը լայնածավալ ռազմական հակամարտության վերածելու համար։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։  

«Դրա հետ մեկտեղ մենք կանենք ամեն ինչ կայունության եւ խաղաղության պահպանման համար։ Պատերազմ չեմ կանխատեսում։ Հուսով եմ՝ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները»,-ասել է նա։ 

Վուչիչն ընդգծել է, որ Սերբիան պատրաստ է քննարկել Կոսովոյի խնդրի շուրջ տարաձայնությունները, եւ ինքը ուրախ կլինի այդ հարցը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը: Սերբիայի նախագահը նշել է, որ հակառակ Կոսովոյի անկախության հարցի վերաբերյալ դիրքորոշումների տարբերություններին՝ Բելգրադում Թուրքիային համարում են բարեկամ երկիր:

Ընդ որում Վուչիչը կտրուկ դեմ է արտահայտվել թուրքական Bayraktar ԱԹՍ-ների մատակարարմանը ինչպես Սերբիային, այնպես էլ Կոսովոյին։ «Մենք պատրաստ ենք Թուրքիայից շատ տարբեր ռազմատեխնիկա գնել, բացի Bayraktar 2-ից»,-ասել է նա։