Հայաստանը պետք է պատրաստ լինի համաշխարհային էկոնոմիկայի զարգացման ավելի ռիսիկային սցենարների համար: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ: Նա նշել է, որ հարցը գտնվում է Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Ներկայումս Հայաստանում է գտնվում Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրենը, ինչպես նաեւ ԱՄՀ-ի պատվիրակությունը:
«Մենք այդ միջազգային կազմակերպություններից ստացել ենք կանխատեսումներ համաշխարհային էկոնոմիկայի վիճակի մասին, որոնք օգտագործվում են որպես Հայաստանի բյուջեում ներառված մակրոտնտեսական կանխատեսումներ»,-հայտարարել է վարչապետը:
Վարչապետը նշել է, որ միջազգային մասնագետների դիտարկմամբ, ստագնացիոն փուլը կարող է սպասվածից ավելի երկար տեւել: «Սակայն բացառված չէ, որ երեք ամսից, հերթական կանխատեսման ժամանակ փոփոխություններ լինեն: Մենք նկատում ենք, որ այդ կազմակերպությունների կանխատեսումները փոխվում են բացասական ուղղությամբ: Պետբյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու ժամանակ, մենք կդիտարկենք բոլոր հնարավոր ռիսկերը»,-հայտարարել է Տ. Սարգսյանը:



























