Բոլոր մեկնաբանությունները, իբր ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում չկան նախապայմաններ, ոչ միայն համոզիչ չեն, այլ իրենց իսկ բովանդակությամբ հաստատում են հակառակը: Այս մասին ասված է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Դեմկուսն արձանագրում է, որ «այդ մասին են վկայում նաև Թուրքիայի պետական բարձրադիր ղեկավարության ու նրան ձայնակցած զանգվածային լրատվության միջոցների անթաքույց նախապայմանների անդադար առաջադրումը, փաստաթղթերի կարևորագույն կետերի յուրովի և հանդուգն մեկնաբանումը»:
«Հնարավոր է, որ խոսելով ուժի դիրքերից և վերջնագրի լեզվով, նրանք հույս են տածում կոտրել Հայաստանի ղեկավարության կամքը և հասնել առավելագույնի: Բայց, չի բացառվում, որ ներկայացվածը Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է, ուստի մենք պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների նման շրջադարձին: Հատկապես, որ Արձանագրություններում տեղ են գտել այնպիսի ձևակերպումներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող ընկալվել, որպես հայոց պահանջատիրությանը, պատմական արդարությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին, առավել ևս` համազգային շահերին համապատասխանող»,- նշում են Դեմկուսի պատասխանատուներն ու հավելում, թե իրենք դեմ են արձանագրությունները ներկայացված բովանդակությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացմանը:
«Հրաժարվել մեր այս դիրքորոշումից թույլ չի տալիս նաև այն փաստը, որ հայ-թուքական հարաբերությունների զարգացման գործընթացը հայտնվել է մեծ տերությունների ուշադրության կենտրոնում, որոնք, հետապնդելով սեփական շահերը, անտարբեր են մեր ազգային հիմնահարցերի ճակատագրի նկատմամբ: Կովկասը դիտարկելով որպես նորաձևվող աշխարհի քաղաքական առանցքային կենտրոններից մեկը, նորընծա „չափագրողները“ խնդիր ունեն մեկը մյուսին դուրս մղելու տարածաշրջանից, առաջնորդվելով հայտնի սկզբունքով` նպատակին հասնելու համար բոլոր միջոցներն արդարացված են»: Միեւնույն ժամանակ Դեմկուսն արձանագրում է, որ, ցավոք, իրադարձությունների զարգացումը և ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության այսժամյա տրամադրությունները բերում են այն կարծիքին, որ արձանագրությունների վավերացումը հնարավոր է:
ՀԴԿ-ն նաեւ, նպատակ ունենալով մասամբ ապահովագրելու սխալ քաղաքականության հեռանկարից, պահանջում է ՀՀ Ազգային ժողովից հատուկ Մեմորանդում ընդունել, որի մեջ թվարկել պատմականորեն չլուծված այն հիմնահարցերն ու արդարացի պահանջները, որոնք Ցեղասպանության չհաղթահարված հետևանքներն են, և մնում են Հայաստանի Հանրապետության արտաքին-քաղաքական օրակարգում, որպես անվիճարկելի հարցեր: Միևնույն ժամանակ, չներկայանալով որպես նախապայմաններ բանակցային գործընթացում:




























