Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի` այսօր` սեպտեմբերի 16-ին, ծրագրված ասուլիսը չի կայացել, քանի որ բժշկուհին գիշերը վատացել է եւ այժմ դեպրեսիվ վիճակում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Մետաքսյա Հովհաննիսյանը, ով ըստ «Չենք լռելու» նախաձեռնության, օգոստոսի 11-ին ծննդաբերության համար իրենց մոտ տեղափոխված, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի մի կնոջ հարազատներին հորդորել էր մի քիչ էլ սպասել, մինչեւ ինքն իր բուրդը չփխի ու գա ծնունդն ընդունելու: Այժմ նա արձակուրդ է վերցրել, գտնվում է տանը եւ սպասում է հանձնաժողովի եւ դիահերձման արդյունքներին (փաստի առթիվ քրգործ է հարուցվել):

Հարցին, թե երեկ ասուլիսի համաձայնություն տալիս դեպրեսիվ վիճակում չէ՞ր, գինեկոլոգը բացասական պատասխան տվեց, նշելով, որ գիշերն է վատացել: Նշենք, որ Երեւանի մամուլի ակումբներից մեկում այսօր պետք է կայանար Վայքի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի ասուլիսը, սակայն վերջինս խնդրանքով այն հետաձգվել է անորոշ ժամանակով, ինչի վերաբերյալ տվյալ մամուլի ակումբը գիշերը հաղորդագրություն է ուղարկել լրատվամիջոցներին:

Ավելի վաղ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել,  որում նշվում էր, որ օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ եւ սպասում են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել մորը անալգին եւ դեմիդրոլ ներարկել: Ծնվելուց հետո երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա: Բժշկուհու գործունեությունը ներկայումս կասեցվել է, Հայաստանի առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Վայքի հիվանդանոցում: Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի դեմ: Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ  գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):