Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ 2022 թվականի հունվարին ճապոնական հարավ-արեւմտյան Կյուսյու կղզու վրայով կարող էր թռչել չինական հետախուզական օդապարիկը, հաղորդում է Fuji հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ տեղեկությունների՝ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը լուսանկարել են թռչող օբյեկտը, որից հետո ստացված լուսանկարները համեմատել են փետրվարին ԱՄՆ զինվորականների կողմից խոցված օդապարիկի պատկերների հետ: Արդյունքում ճապոնացի մասնագետները հայտնաբերել են, որ այդ օբյեկտները նման ձեւն ունեն։
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը փետրվարի 2-ին հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները երկրի մայրցամաքային մասի վրա «հետախուզական օդապարիկ» են արձանագրել։ Այն խոցվել է փետրվարի 4-ին ԱՄՆ զինվորականների կողմից Հարավային Կառոլինա նահանգի ափերի մոտ՝ ամերիկյան օդային տարածքի սահմաններում։ Այս սարքի օգնությամբ, ԱՄՆ վարչակազմի վարկածով, Չինաստանը զբաղվել է «կարեւոր տեղեկատվության հավաքագրմամբ»։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ տվյալ օդապարիկն օգտագործվել է օդերեւութաբանական դիտարկումների համար եւ շեղվել է տվյալ ուղղությունից։





























