Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը փետրվարի 14-ին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ անցյալ տարվանից ԱՄՆ-ն արձակել է մի քանի աերոստատ, որոնք ավելի քան 10 անգամ խախտել են Չինաստանի օդային տարածքը։

«Անցյալ տարվանից, ավելի կոնկրետ՝ անցյալ տարվա մայիսից, Միացյալ Նահանգներն իր տարածքից մի քանի աերոստատներ է արձակել, որոնք անդադար պտտվել են աշխարհով մեկ եւ ավելի քան 10 անգամ թռչել Չինաստանի եւ այլ երկրների օդային տարածքով՝ առանց Չինաստանի համապատասխան իշխանությունների թույլտվության»,- ասել է նա։

Վենբինի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է պարզի  եւ բացատրություն տա Չինաստանին։

Չինական աերոստատը, որը ենթադրաբար նախատեսված էր հետախուզական տվյալների հավաքագրման համար, ինչը Պեկինը հերքում է, մեկ շաբաթ գտնվում էր Կանադայի եւ Միացյալ Նահանգների երկնքում, մինչեւ որ նախագահ Ջո Բայդենը հրամայեց այն խոցել: Միջադեպը սրել է Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները, ինչի պատճառով պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է իր այցը Չինաստան: