Ռուսաստանի մասնավոր ակտիվների բռնագրավումը կխաթարի Շվեյցարիայի Սահմանադրությունն ու գոյություն ունեցող իրավական կարգը։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի կառավարությունը՝ վկայակոչելով արդարադատության դաշնային վարչության կողմից ստեղծված աշխատանքային խմբի եզրակացությունները, հաղորդում է Reuters-ը։

Շվեյցարիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում սառեցրել է 7,5 միլիարդ շվեյցարական ֆրանկի (8,13 միլիարդ դոլար) չափով ֆինանսական ակտիվներ։

«Ուկրաինային աջակցությունը կշարունակվի՝ անկախ սառեցված ակտիվների քննարկումներից»,-ասել է Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը:

Այս հարցի քննարկման համար ստեղծված աշխատանքային մարմինը հայտարարել է, որ առանց փոխհատուցման օրինական ծագման մասնավոր ակտիվների օտարումն անթույլատրելի է շվեյցարական օրենսդրությամբ:

«Սառեցված մասնավոր ակտիվների բռնագրավումը անհամատեղելի է Դաշնային Սահմանադրության եւ գերակշռող իրավական կարգի հետ եւ խախտում է Շվեյցարիայի միջազգային պարտավորությունները»,-հայտնել է Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը։  

Ավելի վաղ Շվեյցարիայի բանկերը նույնպես դեմ են արտահայտվել բռնագրավմանը։ «Այսօր բռնագրավման օրինական հիմքեր չկան»,-անցած ամիս հայտնել է Շվեյցարիայի բանկիրների ասոցիացիան:

Շվեյցարիան արդեն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում հակամարտության պատճառով, ներառյալ Եվրամիության կողմից նավթի գների սահմանափակումը։