Իսրայելի Կնեսետում պատգամավորն առաջին անգամ հանդես է եկել ելույթով, որը գրվել է ChatGPT չաթ-բոտի օգնությամբ։ Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով I-24 հեռուստաալիքին, արհեստական բանականության կազմած ելույթով հանդես է եկել «Պետական ճամբար» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Շարեն Հասքելը։
Նա իր ելույթը նվիրել է իսրայելական հասարակության պառակտմանը, որը սրվել է նոր կառավարության ծրագրերի դեմ ընդդիմության բողոքների ֆոնին՝ կապված դատական բարեփոխման իրականացման հետ։ Քաղաքական գործիչը կոչ է արել Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարությանը՝ «յուրացնել այն դասերը, որոնք արդեն գիտի անգամ ծրագրային ապահովումը»։
ChatGPT նեյրոցանցը Հասքելի համար կազմված տեքստում նախազգուշացրել է երկրում ստեղծված իրավիճակի վտանգավորության մասին։ «Դեմոկրատիայի ամրության համար կործանարար հետեւանքներ կարող են լինել։ Տարբեր խմբերի բեւեռացումը եւ օտարումը կարող են, ինչը միանգամայն հավանական է, հանգեցնել բռնության եւ ֆիզիկական դիմակայության»,- նշվել է տեքստում։
Ավարտելով՝ պատգամավորը ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու գաղափարներ, որոնք առաջարկել է չաթ-բոտը. ուշադրություն հատկացնել ազգի միասնությանը, աջակցել տարբեր քաղաքական ճամբարների միջեւ երկխոսությանը եւ համագործակցությանը, զարգացնել կրթությունը եւ ըմբռնումով վերաբերվել տարբեր տեսակետներին իսրայելական հասարակության ներսում։
ChatGPT-ը շրջանառության մեջ է դրվել 2022թ.։ Սերվիսը փոխգործակցում է օգտատերերի հետ երկխոսության ռեժիմով, կարող է պատասխանել լրացուցիչ հարցերին, ընդունել իր սխալները, վիճարկել ոչ ճիշտ նախադրյալները եւ մերժել անտեղի հարցումները։ OpenAI-ը քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ չաթ-բոտն օգտագործել են ուսանողներն աշխարհի տարբեր երկրներում՝ քննությունները հանձնելու եւ ակադեմիական աշխատանքները պատրաստելու համար։





























