Իսրայելը չունի զենքի այնպիսի քանակություն, որ կարողանար կիսել Ուկրաինայի հետ՝ առանց սեփական անվտանգությունը վնասելու, բայց հումանիտար աջակցություն ցուցաբերելու եւ օդային գրոհների նախազգուշացման համակարգեր տրամադրելու հնարավորություն կա։ Այս մասին ասել է Կնեսետի արտաքին գործերի եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Յուլի Էդելշտեյնը RTVI-ի հարցազրույցում, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
«Իսրայելը քիչ բան չի անում նաեւ հումանիտար օգնության ոլորտում, եւ ես կարծում եմ, որ վերջին ժամանակներս սկսում է ավելին անել այն բոլոր հարցերում, որոնք վերաբերում են նախազգուշացման համակարգերին եւ այնպիսի բաների, որոնք քաղաքացիական բնակչությանը կօգնեն օդային գրոհների կամ որեւէ այլ մարտական գործողությունների դեպքում։ Ես չեմ թաքցնում իմ դիրքորոշումը. մենք կարող ենք ավելին անել»,- ասել է Էդելշտեյնը։
Ավելի վաղ Իսրայելի իշխանություններն ընդգծել էին, որ Ուկրաինա են ուղարկում միայն հումանիտար եւ բժշկական օգնություն։ Ուկրաինան կոչ էր արել ՀՕՊ միջոցներ մատակարարել, սակայն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հրաժարվել էր անել դա՝ վկայակոչելով «շահագործման սահմանափակումները» եւ «օպերատիվ նկատառումները»։
Սակայն փետրվարի 1-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հնարավոր էր համարել Ուկրաինա «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգեր ուղարկելը։ Նա նշել էր, որ կմտածի այդ հարցի շուրջ՝ հենց որ ավարտի կառավարության ձեւավորումը։





























