Լիտվան Բելառուսին տեղեկացրել է սահմանով տրանսպորտի անխափան հոսքի ապահովման դադարեցման մասին, իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Բելառուսի  պետական սահմանապահ կոմիտեն։

«Լիտվայի ՆԳՆ-ի  Պետական սահմանի պահպանության ծառայությունը միակողմանի կարգով դադարեցնում է փոխգործակցությունը Բելառուսի մաքսային եւ սահմանապահ ծառայությունների հետ՝ սահմանով տրանսպորտի անխափան հոսքի ապահովման եւ անցակետերի թողունակությունը բարձրացնելու հարցում»,- նշվել է հաղորդագրությունում։

Վիլնյուսը չի նշել Մինսկի հետ փոխգործակցությունը դադարեցնելու պատճառները, նշել են Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեում, տեղեկացրել է ՌԲԿ-ն։

Նախօրեին Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն ազդարարել էր, որ փետրվարի 16-ից Լիտվան փակելու է Ստասիլոս (բելառուսական կողմից՝ Բենյակոնի) երկաթուղային անցակետը։ Այս անցակետով երթեւեկությունը դադարեցնելու է բեռնատար երկաթուղային տրանսպորտը։

Վիլնյուսը նշել է, որ Ստասիլոս անցակետով բեռների փոխադրումը կվերականգնվի ռենտգեն վերահսկման ստացիոնար համակարգի տեղադրումից հետո։

Հունվարի կեսին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել 2006թ. Բելառուսի հետ ստորագրված մերձսահմանային համագործակցության սկզբունքների մասին պայմանագրի չեղարկման մասին։ Համաձայնագրից դուրս գալու նախաձեռնությունը Լիտվայի ՆԳՆ-ինն էր, որը հայտարարել էր, որ պայմանագրի կատարումն ընթացիկ իրավիճակում անհնար է եւ հազիվ թե հնարավոր դառնա առաջիկայում։