Ինչպես հայտնի է, հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել նոր դիտորդական առաքելություն ուղարկելուն, որը Հայաստանում կտեղակայվի այս տարվա փետրվարի 20-ից։ Առաքելությունը բաղկացած կլինի 100 փորձագետներից եւ դիտորդներից։ Սա ԵՄ երկրորդ անընդմեջ առաքելությունն է։ Առաջին դիտորդները Հայաստան են ժամանել Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։
Այս ֆոնին, ինչպես նաեւ Թուրքիա Հայաստանի ԱԳ նախարարի կատարած այցից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երեւանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի հաջորդ փուլի աշխատանքները եւ այն հանձնել է Բաքվին։ Նա նորից կրկնել է, որ առաջարկվող փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար, ինչպես նաեւ պետք է պարունակի զսպումների եւ հակակշիռների այնպիսի համակարգ, որը կբացառի երկարաժամկետ եւ կայուն խաղաղության խախտման ցանկացած սցենար։
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի գնահատմամբ՝ հայկական կողմն այժմ առաջարկում է Ադրբեջանի հետ խաղաղության նոր համաձայնագիր կնքում։ Նա կարծում է, որ դա տեղի է ունեցել միջազգային, այդ թվում՝ ԵՄ միջնորդությամբ՝ չբացառելով նաեւ Ռուսաստանի մասնակցությունը։
«Կարծում եմ, որ այս համաձայնագրի կարեւոր կետերը կլինեն միջազգային ներկայությունը, այդ թվում՝ ոստիկանական կամ ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ ԵՄ-ն դրա հույսն ունի։ Սա նոր կարեւոր զարգացում է։ ԵՄ առաքելությունն ապագայում կարող է տեղակայվել ոչ միայն Հայաստանում, այլեւ ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փորձագետը։
Նրա խոսքով, Արեւմուտքում կարծիք կա, որ Ուկրաինայում մեծ սխալ է թույլ տրվել, քանի որ միջազգային զորքեր չեն մտել, ինչը հանգեցրել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական գործողությունների բռնկման։
«ԵՄ-ում չեն ցանկանում կրկնել այդ սխալը, ուստի նրանք պատրաստ են միջոցներ եւ հնարավորություններ հատկացնել ուժեր տեղակայելու համար, այդ թվում՝ հենց Լեռնային Ղարաբաղում։ Ես միշտ թերահավատ եմ եղել, որ ԵՄ-ն այժմ կարող է ինչ-որ բան դրսեւորել այնտեղ՝ Ուկրաինայում զբաղվածության պատճառով։ Բայց կարծես թե սառույցը կոտրվել է, եւ այժմ միջազգային տարբեր դերակատարներ ցանկանում են հաշտություն կամ գոնե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման կանխում։ Ուստի այժմ այն դարձել է միջազգային հանրության ակնդետ ուշադրության առարկան»,- ընդգծեց Ռարը։
Նա հիշեցրեց, որ Թուրքիայի համար դժվարին պահին Հայաստանը բարի կամք դրսեւորեց, եւ այդ քայլը, նրա համոզմամբ, առաջարկվել էր ԵՄ-ի կողմից, որպեսզի Երեւանը գնա դրան, սահմանների բացմանը, ինչը շատ ձեռնտու է Եվրամիությանը։
«Ինչ վերաբերում է առաքելության արդյունավետությանը, ապա եթե Ադրբեջանը ցանկանա հակադրվել Արեւմուտքին, ապա նա կանտեսի եվրոպական առաքելության առկայությունը։ Բայց ես կարծում եմ, որ դրա համար նույնպես տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի այցը Թուրքիա՝ այդ դիրքորոշումը Անկարայի հետ համաձայնեցնելու համար, որը շատ ուժեղ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ Բաքուն ոչինչ չի անի առանց Թուրքիայի հետ համագործակցության։ Բացի այդ, խաղաղության պայմանագրի ստորագրումն այժմ շատ ձեռնտու է հենց Ադրբեջանին, քանի որ նա շահագրգռված է իր ստացածի համախմբմամբ եւ չի ցանկանում մեկուսանալ ու վերածվել Հյուսիսային Կորեայի»,- հավելեց քաղաքագետը։
Միաժամանակ նա զգուշացրեց, որ չի կարելի Ռուսաստանին բացառել այս գործընթացից։
«Դա աղետ եւ հերթական ապուշ սխալ կլիներ Արեւմուտքի կողմից: Մոսկվան պարզապես թույլ չի տա իրեն դուրս մղել գործընթացից։ Ուստի ամենաճիշտը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ընդհանուր լեզու գտնելն է, ինչպես եղավ իրանական գործարքում»,- եզրափակեց փորձագետը։
Արամ Դանիելյան




























