Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, սպառնացել է, ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, ակտիվացնել հրթիռների արձակումները Խաղաղ օվկիանոսում, որտեղ Փհենյանը չափազանց հազվադեպ է անում դա։ Նրա հայտարարությունը երկուշաբթի հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Վերջին ժամանակներս Կորեական թերակղզում ակտիվացել է ամերիկյան զորքերի ռազմավարական հարվածային միջոցների շարժը»,- նշել է Կիմ Յո Չժոնը, որը Կորեայի Աշխատանքային կուսակցության բաժնի վարիչի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ Նրա խոսքով՝ Փհենյանը «հաշվի է առնում դրանց ազդեցությունը Հյուսիսային Կորեայի անվտանգության վրա» եւ «պատասխան միջոցներ» կձեռնարկի։

«Խաղաղ օվկիանոսը որպես մեր զորավարժարան օօգտագործելու հաճախակիությունը կախված է ամերիկյան զորքերի գործողության բնույթից»,- ավելացրել է նա՝ հավաստիացնելով, որ Փհենյանի «կամքը չի փոխվի» «իրավիճակը սրող ֆանատիկոսներին» պատասխանատվության ենթարկելու հարցում։

Վերջին անգամ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը թռել է Ճապոնիայի տարածքով եւ ընկել Խաղաղ օվկիանոսն անցած տարվա հոկտեմբերի 4-ին։ Մինչ այդ Փհենյանը նման փորձարկումներ կատարել էր միայն 2017թ. սեպտեմբերին։

Անցած տարին  ռեկորդային էր Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռների թվով, այդ ժամանակ 37 արձակումների ընթացքում կիրառվել է ավելի քան 70 հրթիռ։ Ընթացիկ տարում Հյուսիսային Կորեան շարունակում է ակտիվ հրթիռային փորձարկումները։ Փետրվարի 18-ին Փհենյանն արձակել է «Հվանսոն-1» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Հոկայդո հյուսիսային կղզուց 200 կիլոմետր արեւմուտք։