Երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի հթրիռների վերջին արձակումների վերաբերյալ նիստ կգումարի։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին տեղեկացրել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։
Նրա տվյալների համաձայն՝ նիստը սկսվելու է ժամը 15.00-ին։ Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրում՝ կապված Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումների հետ։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեան երկուշաբթի առավոտյան արձակել է երկու բալիստիկ հրթիռ իր արեւմտյան ափից, որոնք թռել են 350 եւ 400 կիլոմետր՝ թռիչքի առավելագույն բարձրությամբ (համապատասխանաբար 50 եւ 100 կիլոմետր)։
Փետրվարի 18-ին Փհենյանն իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ «Հվանսոն-15» հրթիռի արձակում, որն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում, հյուսիսային Հոկայդո կղզուց 200 կիլոմետր արեւմուտք։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, փետրվարի 19-ին հրապարակված հայտարարությունում նախազգուշացրել էր ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային՝ նշելով, որ Փհենյանը «հետեւում է թշնամիների յուրաքանչյուր քայլին եւ յուրաքանչյուր թշնամական գործողությանը խիստ վճռական պատասխան կտա»։





























