Եվրահանձնաժողովում (ԵՀ) ամերիկացի լրագրող Սեյմուր Հյորշի հոդվածն այն մասին, որ ռուսական «Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» գազամուղների ահաբեկչություններն իբր կազմակերպել է ԱՄՆ-ը՝ Նորվեգիայի աջակցությամբ, ՆԱՏՕ-ի Baltops զորավարժությունների քողի ներքո, շահարկում են անվանել։ Այս մասին ասել է ԵՀ մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեա Մազինին ՏԱՍՍ-ի հարցազրույցում։

«Մենք չենք մեկնաբանում  «Հյուսիսային հոսք» գազատարների դեմ սաբոտաժի ակտը կատարողների մասին շահարկումները։ Այդ հարցի հնարավոր պատասխանի միակ հիմքը պաշտոնական հետաքննությունն է»,- ասել է Մազինին։

Մինչ այս Եվրամիությունը դեռ ոչ մի անգամ չէր մեկնաբանել ամերիկացի լրագրողի հոդվածը։

Ավելի վաղ Հյորշը հրապարակել էր հոդված-հետաքննություն, որում ԱՄՆ-ին եւ Նորվեգիային մեղադրել էր «Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարների դիվերսիայի կազմակերպման եւ իրականացման մեջ։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոչ ուղղակիորեն, ոչ էլ անուղղակիորեն կապ չունի «Հյուսիսային հոսք» գազատարներում կատարված դիվերսիայի հետ։