Սպիտակ տան ղեկավարը Ուկրաինայի մայրաքաղաքում ասել է, որ Կիեւին նոր ռազմական օգնությունը կներառի անիվային շասսիով HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար զինամթերք: Բայդենն ընդգծել է, որ Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»։ «Մեկ տարի անց Կիեւը կանգուն է: Եվ Ուկրաինան կանգուն է. Ժողովրդավարությունը կանգուն մնաց»,- նշել է ամերիկյան պետության ղեկավարը՝ հիշելով 2022 թվականի փետրվարի 24-ին պատերազմի սկսվելու մասին։

Ուկրաինան կստանա 500 միլիոն դոլարի (468 միլիոն եվրո) ռազմական օգնության նոր փաթեթ, ասել է Բայդենը։ Այս նոր փաթեթի մանրամասները կհրապարակվեն փետրվարի 21-ին։

Սպիտակ տունը հստակեցրել է, որ փաթեթը կներառի Կիեւի համար նախատեսվող կարեւորագույն սարքավորումները։ Այն, մասնավորապես, կներառի հրետանային զինամթերք, հակատանկային համակարգեր եւ օդային հսկողության ռադարներ, որոնք անհրաժեշտ են «ուկրաինացի ժողովրդին օդային ռմբակոծություններից պաշտպանելու համար»:

Շաբաթվա վերջին ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ կհայտարարի Ռուսաստանի «վերնախավի եւ ընկերությունների դեմ, որոնք փորձում են խուսափել կամ աջակցել ռուսական ռազմական մեքենային»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տան ղեկավարի ժամանումն անվանել է «Ուկրաինայի աջակցության նշանակալի պահ»։ Անձամբ Բայդենը եւ ողջ ամերիկյան հասարակությունը պատերազմի սկզբից եղել են Ուկրաինայի հետ, նշել է ուկրաինական պետության ղեկավարը։

«Ուկրաինային աջակցող առաջին հեռախոսազանգը եղել է Սպիտակ տնից։ Շնորհակալություն ձեր առաջնորդության համար: Ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում երկկուսակցական աջակցության, Կոնգրեսի աջակցության համար»,- ասել է Զելենսկին։

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին Կիեւին նոր զենք տրամադրելու խոստման համար՝ Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված համատեղ գործողությունների համար։