Քաղաքացի Նարինե Դավթյանը 2019 թվականին դատական հայց է ներկայացրել Մարիամ Հովսեփյանի դեմ՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում: Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ելենա Քոչարյանի նախագահությամբ, վճռել է Նարինե Դավթյանի հայցապահանջը ընդդեմ Մարիամ Հովսեփյանի՝ վիրավորելու միջոցով պատիվն ու արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելու համար ներողություն խնդրել, իսկ  փոխհատուցում վճարելու պահանջը բավարարել է մասնակի:

NEWS.am-ի խմբագրություն ահազանգած Մարիամ Հովսեփյանը նշել է, որ կայացված վճիռն օրինական չէ, եւ, որ դատաքննության ընթացքում մի շարք անօրինականություններ է թույլ տրվել.

«Թեեւ կար օրենքի արգելք կոնկրետ գործի քննության այդ փուլում ապացույցի ապահովում չկատարելու, բայց ամեն դեպքում նոտարը կատարել է: Միջնորդել ենք, որպեսզի ոչ իրավաչափ ճանաչվի ներկայացված ապացույցը, քանի որ օրենքի խախտմամբ է եղել, դատարանը միջնորդությանը առհասարակ չի անդրադարձել»:

Պատասխանող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն Վերաքննիչ դատարանն այն մերժել է:

Մարիամ Հովսեփյանը դատարանի գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որը քննվում է Արաբկիրի քննչական բաժնում. «Դատարանում եւ՛ ապացույց է կեղծվել, եւ՛ ապացույցը օրենքին հակասող լինելով, օգտագործվել է դատարանում»:

NEWS.am-ին Մարիամ Հովսեփյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Վիրաբյանը ներկայացրել է գործի նախապատմությունը.

««Վայբեր» հավելվածի միջոցով անձերի միջեւ տեղի է ունեցել երկխոսություն, որից մաս է հրապարակվել այն մասին, որ երկու անձ խոսում են, թե ինչպես կարելի է տարաձայնություններ մտցնել ՌԴ հայ համայնքի մեջ: Ըստ այդ ձայնագրության՝ պետք էր գումար հավաքել եւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆոնդին գումար փոխանցել, որպեսզի լավ երեւալ նրա աչքին եւ այլն: Այդ երկխոսությունը տարածվել է տելեգրամյան տարբեր ալիքներում, այդ երկխոսությունն իր էջում տեղադրել է նաեւ Մարիամ Հովսեփյանը, եւ խնդրել, որ երկոսության մասնակից անձինք կամ հերքեն կամ պարզաբանեն այդ հարցը: Նա որակավորում է տվել նաեւ այդ երկխոսության մասին: Այդ ընթացքում հայտնվում է մի կին Նարինա Դավթյան անուն-ազգանունով, որն ասում է՝ ես չեմ այդ խոսակցության մեջ, բայց միաժամանակ վիրավորվում է Մարիամի գրառումից»: