Սերբիան երեքշաբթի հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններից զինամթերք կգնի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի համար՝ ուղղորդման համակարգով եւ պայթեցման գործառույթով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Առաջիկա 48 ժամվա ընթացքում մենք պայմանագիր կստորագրենք (զինամթերքի մատակարարման համար)», - երեքշաբթի Աբու Դաբիում պաշտպանական ցուցահանդես այցելելու ընթացքում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Սրանք կամիկաձե անօդաչու սարքեր են, եւ դրանք կլինեն Սերբիայում, եւ մենք հուսով ենք, որ հինգից վեց ամսվա ընթացքում առաջին կամիկաձե ԱԹՍ-ները կհայտնվեն սերբական բանակում», - ասել է նա լրագրողներին՝ ելույթ ունենալով սերբական հեռուստատեսության ուղիղ եթերում:

Միաժամանակ, Վուչիչը չի հստակեցրել, թե որքան անօդաչու թռչող սարքի համար նախատեսված զինամթերք կստանա Բելգրադը ԱՄԷ-ից, ինչ գնի կամ որ արտադրողից։

Վուչիչը անցյալ տարի ասել էր, որ Սերբիան ցանկանում է Ֆրանսիայից գնել Rafale բազմանպատակային կործանիչներ։ Երկուշաբթի նա նշել է, որ գնի շուրջ բանակցությունները, որը, ըստ նրա, մոտ 3 միլիարդ եվրո է, դեռեւս շարունակվում են: