ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով ղեկավար Ֆոլկեր Թյուրկը երեքշաբթի մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի դատական համակարգի առաջարկված վերանայումը «կտրուկ կխաթարի» դատական համակարգի՝ մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը պաշտպանելու ունակությունը, հաղորդում է Reuters-ը:
Իսրայելի խորհրդարանը խթանում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կրոնական-ազգայնական կառավարության կողմից առաջ քաշված բարեփոխումները, որոնք, նրա խոսքով, անհրաժեշտ են քաղաքականությանը միջամտող դատավոր ակտիվիստներին զսպելու համար:
Զանգվածային բողոքի ակցիաներ առաջացրած առաջարկները կարող են մեծացնել կառավարության ազդեցությունը դատավորների ընտրության հարցում եւ սահմանափակել Գերագույն դատարանի՝ օրենքները վերացնելու հնարավորությունները:
«Խախտելով տասնամյակներով ձեւավորված պրակտիկան՝ նման օրենքը կտրուկ կխաթարի դատական իշխանության՝ անհատական իրավունքները պաշտպանելու եւ օրենքի գերակայությունը պահպանելու ունակությունը՝ որպես գործադիր եւ օրենսդիր իշխանության արդյունավետ ինստիտուցիոնալ ստուգում»,-ասել է Թյուրկը։
Նա հավելել է, որ փոփոխություններն ավելի մեծ քաղաքական ազդեցություն կստեղծեն դատավորների ընտրական համակարգի վրա։
Ժնեւում Իսրայելի ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանություններից։ Ժնեւում ՄԱԿ-ին կից Իսրայելի դեսպան Մեյրավ Էյլոն Շահարը նշել է, որ Թյուրկի հայտարարությունը վկայում է կանխակալության մասին:
Թյուրկը, որը հոկտեմբերին դարձել է գերագույն հանձնակատար, ավելի վաղ Իսրայելին կոչ է արել ապահովել մարդու իրավունքների պահպանումը՝ կապված անվտանգության ուժերի կողմից պաղեստինցիների սպանությունների ռեկորդային քանակի հետ՝ 151 անցյալ տարի:





























