ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի ԱՄՆ-ում՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի 75-րդ տարեդարձի հետ՝ Վարշավայում ելույթ ունենալիս հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, գրում է The Hill-ը։

Բայդենն ասել է, որ հաջորդ տարի կհյուրընկալի դաշինքի բոլոր անդամներին՝ նշելու «աշխարհի պատմության մեջ ամենաուժեղ պաշտպանական դաշինքի» 75-ամյակը։

«Եվ թող ոչ մի կասկած չլինի։ Միացյալ Նահանգների հավատարմությունը ՆԱՏՕ-ի մեր դաշինքին եւ Հինգերորդ հոդվածին անսասան է», - ասել է Բայդենը․ «Եվ դա գիտի ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ, գիտի նաեւ Ռուսաստանը: Մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա: Սա սուրբ երդում է»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «կարծում էր, որ ՆԱՏՕ-ի «ֆինլանդականացում» կստանա, սակայն փոխարենը ստացել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի «ՆԱՏՕիզացիա»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը այցով գտնվում է Լեհաստանում։

Սպասվում է, որ չորեքշաբթի Բայդենը կհանդիպի Բուխարեստի իննյակի առաջնորդների հետ, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրները՝ Բուլղարիան, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան եւ Սլովակիան։