ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը ՆԱՏՕ-ում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ կիսվել է Չինաստանի պետական խորհրդական Վան Յիի հետ իր առանձնազրույցի մանրամասներով, որը, ըստ նրա, տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
Բորելը խոստովանել է, որ երկար ժամանակ լավ հարաբերությունների մեջ է եղել Վան Յիի հետ, երբ նա ղեկավարում էր Իսպանիայի ԱԳՆ-ն։
«Եվ մենք Մյունխենում անկեղծ զրույց ունեցանք, եւ դա շատ պարզ էր: Ես կարող եմ կրկնել նրա խոսքերը, որ «Չինաստանը զենք չի մատակարարում պատերազմող երկրներին», եւ «նրանք զենք չեն մատակարարում Ռուսաստանին», եւ «նրանք զենք չեն մատակարարի Ռուսաստանին», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Միաժամանակ, ըստ Բորելի, Չինաստանի պետական խորհրդականը նրան հարցրել է, թե ինչու՞ է իրեն անհանգստացնում, որ Չինաստանը կարող է զենք մատակարարել Ռուսաստանին՝ երբ զենք են մատակարարում Ուկրաինային։
«Եվ ես ստիպված էի բացատրել, թե որն է տարբերությունը: Ես ստիպված էի բացատրել, թե ինչ վտանգի մեջ ենք մենք Ուկրաինայի պատերազմում: Այնուամենայնիվ, մենք պետք է զգոն լինենք։ Բայց որքան ես գիտեմ, ոչ մի ապացույց չկա, որ Չինաստանն անում է այն, ինչը, ըստ իրենց, չեն անում», - եզրափակել է Բորելը:





























