Միացյալ Նահանգները կարող է ամերիկա-մեքսիկական սահմանին գտնվող տասնյակ հազարավոր միգրանտներին արգելել ապաստան խնդրել՝ երեքշաբթի հրապարակված առաջարկությանը համապատասխան։ Պատրաստվող սահմանափակումները Ջո Բայդենի վարչակազմի ամենազանգվածային փորձն են՝ զսպելու մարդկանց հոսքը, որոնք անլեգալ փորձում են հատել ամերիկյան սահմանը։

Նոր կանոնների համաձայն՝ այն միգրանտները, որոնք չեն օգտագործում գոյություն ունեցող օրինական ճանապարհները ԱՄՆ մտնելու համար կամ պաշտպանություն չեն փնտրում այն երկրներում, որոնցով անցնում են դեպի ԱՄՆ ճանապարհին, ինքնաբերաբար համարվում են ապաստան ստալանու իրավունք չունեցող, եթե միայն որոշակի բացառությունների չեն ենթարկվում։

«Ռոյթըր» գործակալությունն առաջին անգամ մանրամասներ է հաղորդել այդ առաջարկի մասին, որը հրապարակվել է երեքշաբթի եւ հանրային քննարկման 30 օր պետք է անցնի վերջնական հրապարակման համար։

Բայդենը խոստացել էր վերականգնել ապաստանի հասանելիությունը, որը սահմանափակվել էր իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի օրոք։ Բայց միգրանտների իրավունքների պաշտպանները եւ որոշ գործընկեր-դեմոկրատներ քննադատում են նրան, որովհետեւ ավելի հաճախ է դիմում Թրամփի ոճի սահմանափակումների, քանի որ նրա վարչակազմն ամբողջ ուժով փորձում է լուծել միգրանտների ռեկորդային թվաքանակի հարցը։

Որոշ միգրանտների ապաստան տալն արգելելու Բայդենի պլանը նման է Թրամփի վարչակազմի ձեռնարկած եւ հետագայում դաշնային դատարանների կողմից արգելափակված միջոցներին։

Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը (ACLU) խոստացել է դատարանում պայքարել Բայդենի վարչակազմի առաջարկի դեմ՝ այն համեմատելով Թրամփի մտցրած սահմանափակումների հետ, որոնք ակտիվիստներն անվանում են «տարանցման արգելք»։

«Մենք բողոքարկել ենք Թրամփի տարանցման արգելքը, եւ նորից հայց կներկայացնենք, եթե Բայդենի վարչակազմը կատարի իր պլանը»,- ասել է ACLU-ի ներկայացուցիչ Լի Գելերնտը։

Սահմանափակումների կենթարկվեն հիմնականում ընտանիքներն ու միայնակ մեծահասակները, այն դեպքում, երբ անչափահասներն առանց մեծահասակների ուղեկցության կազատվեն նոր պահանջներից՝ կանոնների տեքստի համաձայն, որոնք հրապարակել են ներքին անվտանգության եւ արդարադատության նախարարությունները։ Այս միջոցը ժամանակավոր է՝ երկու տարով։

Բայդենի վարչակազմն անցած տարի սկսել է, Թրամփի ոճով, արգելքը եւ այլ միջոցներ քննարկել որպես սահմանի անօրինական հատումը կասեցնելու միջոց, եթե հանվեն COVID-19-ի դարաշրջանի սահմանափակումները, որոնք թույլ էին տալիս նորից Մեքսիկա ուղարկել շատ միգրանտների։ Վարչակազմը շարունակում է խստացնել ապաստան տրամադրելու կանոնները, քանի որ «Բաժին 42» անունով հայտնի սահմանափակումները, ավելի շուտ, իրենց գործողությունը կդադարեցնեն մայիսի 11-ին, երբ հանվի արտակարգ դրությունն առողջապահության ոլորտում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։

«Եթե քաղաքականությունը զգալիորեն չփոխվի, սահմանի հատումները կարող են... կտրուկ աճել «Բաժին 42»-ի չեղարկումից հետո, նշվել է կանոններում։ Կառավարության գնահատականներով՝ սահմանի հատումները կարող են հասնել օրական 13 000-ի՝ հունվարի 5 000-ի համեմատ։

Բայդենի վարչակազմի աշխատակիցը, որը չի ցանկացել նշել անունը, լրագրողներին հեռախոսով տեղեկացրել է, որ «կանոնը նպատակ ունի լրացնել այն բացը, որը թողել է Կոնգրեսը՝ որեւէ գործողություն չձեռնարկելով» իմիգրացիոն բարեփոխման իրականացման համար։