Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջուկային պոտենցիալներն այսուհետ  Մոսկվան կդիտարկի որպես ԱՄՆ-ի հետ միասնական «բռունցք», ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Ռազմական պլանավորման, այն իրավիճակի վերլուծման տեսակետից, որի մեջ գտնվում է Ռուսաստանը մեր սեփական անվտանգության ապահովման առումով, անտեսել բրիտանական եւ ֆրանսիական պոտենցիալն անհնար է, դա այժմ դիտարկվելու է որպես ամերիկյանի հետ միասնական բռունցք՝ ուղղված Ռուսաստանի դեմ»,- լրագրողներին ասել է Ռյաբկովը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի հետ այս թեմատիկայով ներկա պահին «ոչ մի շփում» չի նախատեսվում։

Մոսկվան հետեւելու է այն բանին, թե ինչ որոշումներ են ընդունում ռազմավարական կայունության ոլորտում Լոնդոնը եւ Փարիզը, որոնք «այլեւս չեն կարող անգամ հիպոթետիկորեն դիտարկվել որպես սպառազինությունների վերահսկման ռուս-ամերիկյան երկխոսությունից հեռու գտնվող գործոններ», ավելացրել է փոխարտգործնախարարը։