Ռուսաստանը բացասաբար է վերաբերում նրան, որ նրան թույլ չեն տալիս մասնակցել «Հյուսիսային հոսք-1»-ում եւ «Հյուսիսային հոսք-2»-ում պայթյունների հետաքննությանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ արեւմտյան երկրների նման վարքագիծը «չի նպաստում ճշմարտության որոնմանը», գրում է «Կոմերսանտը»։

Պեսկովը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պայթյունների քննարկման շնորհիվ հնարավոր է եղել ուշադրություն հրավիրել «մանրակրկիտ եւ թափանցիկ հետաքննության անհրաժեշտության վրա»։

Սակայն, մյուս կողմից, մամուլի քարտուղարի խոսքով, Կրեմլը արեւմտյան երկրների կողմից հետաքննություն անցկացնելու ցանկության բացակայություն է տեսնում։ Նրանք, նրա կարծիքով, չեն ցանկանում  «առանձնապես կենտրոնանալ այդ հարցի վրա եւ ուզում են աստիճանաբար այնպես անել, որ այս թեման մոռացվի»։

«Մենք սա համարում ենք շատ խիստ բացասական դրսեւորումներ, որոնք չեն նպաստում ճշմարտության որոնմանը եւ այս ահաբեկչության մեղավորների բացահայտմանը։ Բայց, իհարկե, Ռուսաստանը կշարունակի անել հնարավոր ամեն ինչ, թեեւ, կրկնում եմ, ցավոք սրտի, մեր հնարավորություններն այստեղ սահմանափակ են»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։

«Հյուսիսային հոսք-1»-ում եւ դեռ չշահագործվող «Հյուսիսային հոսք-2»-ում պայթյունները տեղի էին ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։