Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջի Մոհամմադ Ասիֆն այցելել է Աֆղանստան, որտեղ հանդիպել է Աֆղանստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ փորձելով լուծել այս շաբաթ Թալիբանի վարչակազմի կողմից երկու հարեւան երկրների միջեւ առանցքային սահմանային անցման փակման հետ կապված խնդիրը, հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները: 

Ասիֆի ուղեւորությունը Քաբուլ եւ նրա հանդիպումը մուլլա Աբդուլ Ղանի Բարադարի հետ, որը թալիբների կողմից նշանակվել է տնտեսական հարցերով փոխվարչապետ, տեղի է ունենում վերջին ամիսներին Աֆղանստանի եւ Պակիստանի միջեւ լարվածության աճի ֆոնին:

Կիրակի Թալիբանի անվտանգության ուժերը փակել են Տորհամ սահմանային անցակետը Պակիստանի հետ սահմանին, իսկ երկուշաբթի փոխհրաձգության մեջ են սկսել պակիստանցի սահմանապահների հետ: Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է պակիստանցի զինվոր։ Այդ պահից ի վեր սահմանային անցումը մնում է փակ՝ դժվարացնելով առեւտուրը անհանգիստ սահմանի երկու կողմերում:

Պակիստանի համար այս անցումը կենսական առեւտրային զարկերակ է եւ առեւտրային ուղի դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ: Այնուամենայնիվ, Իսլամաբադը նաեւ մեղադրում է աֆղանցի թալիբներին պակիստանցի գրոհայիններին ապաստան տրամադրելու մեջ, որոնց միջսահմանային հարձակումները Պակիստանի վրա հանգեցրել են տարածաշրջանում բռնության աճի:

Կիրակի օրը Տորհամի փակվելուց հետո ավելի քան 6000 բեռնատար ապրանքներ, ներառյալ բանջարեղեն, մրգեր եւ այլ սնունդ, մնացել են սահմանի պակիստանյան կողմում:  

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Ասիֆը գտնվում է Քաբուլում՝ նշելով, որ նա եկել է քննարկելու անվտանգության հետ կապված հարցերը, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումները: