Պետդեպարտամենտի ներկայացուցիչը «ափսոսանքի արժանի» եւ «էլ ավելի անպատասխանատու» է անվանել Մոսկվայի որոշումը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) պայմանագրի գործողության դադարեցման մասին՝ հայտարարելով, որ ՌՀՍ-3 պայմանագիրը փոխգործակցության «կենսականորեն կարեւոր գործիք» էր միջուկային տերությունների միջեւ եւ միջուկային զենքի գլոբալ չտարածման  հիմք էր ծառայում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Ելույթ ունենալով պետդեպարտամենտի մամուլի ճեպազրույցում՝ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, միջուկային տերություններ լինելով, պատասխանատվություն են կրում մեր ժողովուրդների, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի մարդկանց առջեւ պայմանագրի պահպանման համար, որը նպաստել է սպառազինությունների վերահսկման եւ ռազմավարական կայունության մասին բանակցությունների վարմանը։

«Մենք շատ ուշադիր կհետեւենք, թե իրականում ինչ է անելու Ռուսաստանը [ՌՀՍ-3-ից դուրս գալու մասին] հայտարարելուց հետո»,- ասել է Փրայսը՝ խոստանալով, որ ԱՄՆ-ը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, եթե Ռուսաստանը կատարի «որեւէ քայլ, որը կպահանջի որեւէ փոփոխություն մեր սեփական դիրքորոշման հարցում»։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը չորեքշաբթի, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նիստում, որը նվիրված էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի տարելիցին, դատապարտել է Մոսկվայի գործողությունները՝ ներխուժումն անվանելով ՄԱԿ-ի Կանոնադրության եւ միջազգային իրավունքի խախտում, եւ Կրեմլին կոչ է արել չդիմել միջուկային զենքի հնարավոր կիրառման սպառնալիքների։