Քաբուլ է այցելել Պակիստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆի գլխավորությամբ, Twitter-ում հայտնել է Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը:

Աֆղանական կողմից բանակցություններին մասնակցել են փոխվարչապետ մուլլա Աբդուլ Ղանի Բարադար Ահունդը, արտաքին գործերի նախարար Ամիր խան Մութաքին եւ հետախուզական վարչության ղեկավար Մուլլա Աբդուլ Հաք Վասիկը, ասվում է հաղորդագրության մեջ:

Մուջահիդի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Աֆղանստանի տարածքում «ընդդիմության գրոհայինների» գործունեությունը։ Խոսվել է նաեւ աֆղանցի փախստականների խնդրի մասին։

Երկու կողմերն էլ համաձայնել են, որ տնտեսական եւ առեւտրային հարցերը չպետք է կախված լինեն քաղաքական խնդիրներից, նշել է «Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչը: