ՉԺՀ նախագահ Սի Ծինփինն այսօր կամ վաղը հանդես կգա Ուկրաինայի հարցով հայտարարությամբ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «БелТА»-ն։
«Եթե Չինաստանը որոշել է իր դիրքորոշումը հայտնել այս կերպ՝ բարձրաստիճան պաշտոնյայի՝ Սի Ծինփինի կողմից, ապա դա լուրջ հետեւանքներ կունենա»,-կարծում է Լուկաշենկոն։ Նա նաեւ կարծիք է հայտնել, որ լուրջ հետեւանքներ կլինեն նաեւ այն դեպքում, եթե ՉԺՀ նախագահի ուղերձը չլսեն նրանք, ում այն հասցեագրված է։
«Ուստի առաջ անցնելով՝ ես խորհուրդ եմ տալիս նրանց, ում ուղղված են Ծինփինի կոչերը, դրանք լուրջ ընդունել եւ որոշակի քայլեր կատարել։ Դա լուրջ ձայն կլինի՝ հանուն այս տարածաշրջանում խաղաղության»,-ասել է Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոն նաեւ կարծիք է հայտնել, որ Չինաստանի առաջնորդի հայտարարությունն ուղղված չի լինի առճակատմանը, ինչպես դա եղել է, նրա գնահատմամբ, Կիեւ կատարած այցից հետո Լեհաստանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթում: Բելառուսի նախագահը Սի Ծինփինի առաջիկա ելույթն անվանել է «Չինաստանի ողջ խաղաղասիրական քաղաքականության պսակ»։
Ռուսաստանը, նրա խոսքով, հակված է Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը, եւ ամերիկյան կողմը պետք է դեպի խաղաղություն քայլեր ձեռնարկի։





























