Ուկրաինայի իշխանությունները Չինաստանին հանդիպում անցկացնելու առաջարկ են ուղարկել, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք այս ազդանշանը փոխանցել ենք դիվանագետների մակարդակով։ Մենք կցանկանայինք հանդիպել Չինաստանի հետ, դա բխում է Ուկրաինայի շահերից»,- ասել է Զելենսկին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է РБК-ն։

Զելենսկին բարձր է գնահատել Չինաստանի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղության ծրագրի մշակումը։ Միաժամանակ նա նշել է, որ Կիեւը փաստաթղթի վերաբերյալ եզրակացություններ կանի միայն կոնկրետություն տեսնելուց հետո։

Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում՝ Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վան Ին հայտարարել է հակամարտությունը լուծելու ծրագրի մասին՝ հարգելով «բոլոր երկրների ինքնիշխանությունը»: Այնուհետեւ Վան Ին հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Վերջինիս խոսքով՝ Պեկինը Կիեւին ներկայացրել է հակամարտության կարգավորման ծրագրի մանրամասները։ Կուլեբան խոստացել է ուսումնասիրել այն։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Պեկինի ծրագիրը ներառում է նաեւ հրադադարի կոչ եւ Կիեւին սպառազինության մատակարարումների դադարեցում:

Ավելի ուշ, այցով Մոսկվայում գտնվելու ժամանակ Վան Ին հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումից հետո Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Ռուսաստանի պատրաստակամության մասին։