Խոխլոմայի զարդանախշերով գրենական պիտույքների «Մոսկվա» հավաքածուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ամենաթանկ նվերն է եղել 2021թ., ինչի մասին հայտնի է դարձել փետրվարի 23-ին արձանագրային վարչության՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացրած տարեկան հաշվետվությունից։
«Սեղանի հավաքածու՝ գրելու համար եւ գրիչ. 16.06.2021։ Արժեքը՝ 12 հազար դոլար։ Հանձնվել է Արխիվների եւ վավերագրերի ազգային վարչությանը (National Archives and Records Administration)»,- նշված է հաշվետվությունում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի պաշտոնակցին այն նվիրել է 2021թ. Ժնեւի գագաթաժողովում։ ԱՄՆ նախագահը որպես պատասխան նվեր Պուտինին է տվել արեւային ավիատոր-ակնոցներ եւ բիզոնի բյուրեղյա արձանիկ։
Պետդեպարտամենտի արձանագրային վարչության պետի գրասենյակը ներկայացրել է նվերների ցանկը՝ ստացված օտարերկրյա կառավարություններից։ Դրա մեջ կան ինչպես նյութեղեն, այնպես էլ ուղեւորությունների կամ գործուղման ծախսերի տեսքով նվերներ, նշված է փաստաթղթում։
70 էջում ներկայացված են տվյալներ Սպիտակ տան ղեկավարի եւ նրա տիկնոջ՝ Ջիլ Բայդենի, ԱՄՆ նախագահի աշխատակազմի օգնականների, ազգային անվտանգության խորհրդականների եւ այլոց փոխադարձ նվերների մասին։





























