Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի կարծիքով՝ Կիեւի վարչակարգի դեմ հաղթանակի օրը գալու է, բայց դրանից հետո լինելու են «ծանր եւ նյարդային բանակցություններ»։ Այս մասին Մեդվեդեւը գրել է իր Telegram-ալիքում։

Քաղաքական գործիչը բանակցությունների դժվարությունները բացատրել է նրանով, որ Ուկրաինայի կողմից դրանց ֆորմալ մասնակիցներն այլ մարդիկ են, իսկ «փաստացի ղեկավարները՝ միանգամայն այլ մարդիկ»։

«Որոշումներ, իհարկե, ընդունելու է ոչ թե մի ինչ-որ Զելենսկի։ Որոշումներն օվկիանոսի այն կողմում կընդունեն նրանք, որոնց ձեռքերում են Կիեւ զենքի մատակարարումներն ու փողերի հատկացումը ուկրաինական տնտեսության մնացորդները պահպանելու համար»,- նշել է նա՝ ընդգծելով, որ անդրօվկիանոսյան ղեկավարները կցանկանան «առավելագույնս թուլացնել Ռուսաստանը»։

Մեդվեդեւը հայտարարել է, որ Արեւմուտքը շահագրգռված չէ հակամարտության դադարեցմամբ, բայց, վաղ թե ուշ, արեւմտյան երկրների ղեկավարները ստիպված կլինեն անել դա, ինչը կհանգեցնի «ինչ-որ համաձայնության»։

«Առանց իրական սահմանների կամ Եվրոպայի անվտանգությունն ապահովող նոր Հելսինկյան պակտի մասին հիմնարար պայմանավորվածությունների»,- ավելացրել է Մեդվեդեւը։

Այնուհետեւ, ըստ Մեդվեդեւի, կգա դիմակայության էլ ավելի բարդ ժամանակ։

«Դիմակայության, հիստերիկաների եւ անտաշությունների հյուծիչ ամիսներ եւ տարիներ՝ նրանց կողմից, ովքեր կառավարելու են այն կռճոնը, որը կմնա Ուկրաինայից»,- համոզված է նա։

Քաղաքական գործիչը նշել է, որ դա չի կարելի թույլ տալ, ուստի անհրաժեշտ է հասնել հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին՝ «որքան հնարավոր է հեռու վանել սպառնալիքների սահմանը ՌԴ-ից, անգամ եթե դրանք լինեն Լեհաստանի սահմանները»։

«Ոչնչացնել նեոնացիզմը հիմնահատակ, որպեսզի հետո ժամանակ չծախսվի մալոռուսական անտառներում բանդերական բանդաների մնացորդներին որսալու վրա, որպեսզի աշխարհը երկար սպասված հանգստությունն ստանա»,- ասել է Մեդվեդեւը։