ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը քննարկել են Ուկրաինային զինամթերքով աջակցելու հարցը, հայտնել է Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միասնականության աջակցությունը, ինչպես նաեւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հանդիպմանը քննարկվել է վարչապետ Կալլասի առաջարկն այն մասին, թե ինչպես կարելի է համատեղ եւ արագ Ուկրաինայի համար 4 մլրդ եվրոյով մեկ միլիոն հրետանային արկ գնել։

«Եվրամիությունը կարողացավ արագ եւ նորարար կերպով միասին արձագանքել COVID ճգնաժամին։ Ժամանակն է նույն հնարամտությունն ու արագությունը ցուցաբերել Ուկրաինա զինամթերք ուղարկելու հարցում»,-ասել է Կալլասը Տալլինում կայացած հանդիպման ժամանակ։

Նա նաեւ նշել է, որ Ուկրաինային աջակցելուց բացի, կարեւոր է, որ եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը կարողանա արտադրել այնպիսի ծավալով, որը համապատասխանում է անվտանգության հետ կապված փոփոխված իրավիճակին: