ԵՄ խորհուրդը հայտարարություն է հրապարակել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ։ Այս ցուցակում առաջին անգամ ներառվել են յոթ իրանական ձեռնարկություններ, որոնք ռազմական անօդաչուներ են արտադրում, որոնք «ռուս զինվորականների կողմից օգտագործվել են ագրեսիվ պատերազմում, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքի դեմ», ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ:
Պատժամիջոցների նոր փաթեթի համաձայն՝ լրացուցիչ արգելքներ են սահմանվում կրիտիկական տեխնոլոգիաների եւ արդյունաբերական ապրանքների արտահանման վրա, ինչպիսիք են էլեկտրոնիկան, մասնագիտացված տրանսպորտային միջոցները, մեքենաների մասերը, բեռնատարների եւ ռեակտիվ շարժիչների պահեստամասերը, ինչպես նաեւ շինարարական հատվածի համար նախատեսված ապրանքները, որոնք «կարող են ուղարկվել Ռուսաստանի զինված ուժերին, օրինակ՝ ալեհավաքները կամ կռունկները»։
Արգելված ապրանքների ցանկում, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության եւ անվտանգության ոլորտի տեխնոլոգիական կատարելագործմանը, կներառվեն նաեւ լրացուցիչ նոր էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք օգտագործվում են ռուսական սպառազինությունների համակարգերում, ներառյալ անօդաչու սարքեր, հրթիռներ, ուղղաթիռներ, ինչպես նաեւ յուրահատուկ հազվագյուտ հողային նյութեր, էլեկտրոնային ինտեգրալային սխեմաներ եւ ջերմապատկերներ:
Երկակի նշանակության ապրանքները նույնպես հայտնվել են ԵՄ թիրախում։
«Այսօրվա որոշումն ընդլայնում է այն կազմակերպությունների ցանկը, որոնք ուղղակի աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին նրա ագրեսիվ պատերազմում, եւս 96 կազմակերպությունների՝ նրանց վրա արտահանման ավելի խիստ սահմանափակումներ դնելով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Խորհուրդը որոշում է կայացրել արգելել ԵՄ-ից արտահանվող երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների տարանցումը Ռուսաստանի տարածքով՝ շրջանցումից խուսափելու համար։
Վերջապես լրացուցիչ սահմանափակումներ են մտցվել այն ապրանքների ներմուծման վրա, որոնք զգալի եկամուտներ են բերում Ռուսաստանին, ինչպիսիք են ասֆալտը եւ սինթետիկ կաուչուկը։
Նոր որոշումը նաեւ սահմանափակում է Ռուսաստանի քաղաքացիների համար ԵՄ կրիտիկական ենթակառուցվածքների եւ կազմակերպությունների կառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը, «քանի որ այդ մարմիններում Ռուսաստանի ազդեցությունը կարող է վտանգել դրանց բնականոն գործունեությունը եւ, ի վերջո, վտանգ ստեղծել եվրոպական քաղաքացիներին հիմնական ծառայություններ մատուցելու համար»։
Ակտիվների սառեցման արգելքների արդյունավետությունն ապահովելու նպատակով ԵՄ Խորհուրդը որոշել է ավելի մանրամասն պարտավորություններ սահմանել ցանկում ընդգրկված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող միջոցների եւ տնտեսական ռեսուրսների հաշվետվության վերաբերյալ, որոնք սառեցվել են կամ որեւէ տեղաշարժի են ենթարկվել ցանկում ընդգրկվելուց անմիջապես առաջ: Խորհուրդը նաեւ նոր պարտավորություններ է մտցրել անդամ պետություններին եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկի անշարժացված պահուստների եւ ակտիվների հանձնաժողովին հաշվետու լինելու վերաբերյալ։ Բացի այդ, օդանավերի օպերատորները պետք է չնախատեսված թռիչքների մասին տեղեկացնեն իրենց ազգային իրավասու մարմիններին, որոնք այնուհետեւ կտեղեկացնեն Եվրամիության մյուս անդամ պետություններին:
Տնտեսական պատժամիջոցներից բացի՝ ԵՄ Խորհուրդը որոշում է կայացրել ցուցակում զգալի թվով լրացուցիչ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ընդգրկելու մասին:
Ռուսական երեք բանկեր նույնպես ընդգրկվել են այն կազմակերպությունների ցանկում, որոնց վրա տարածվում է ակտիվների սառեցումը եւ միջոցների ու տնտեսական ռեսուրսների տրամադրման արգելքը:





























