Ավստրալացի հնագետը եւ Պապուա Նոր Գվինեայի երկու քաղաքացիներ ազատ են արձակվել գերությունից այն բանից հետո, երբ օրեր առաջ զինված խմբի կողմից պատանդ էին վերցվել երկրի հեռավոր հատվածում, կիրակի օրը հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը, հաղորդում է Associated Press-ը:

«Ես ողջունում եմ Պապուա Նոր Գվինեայից ստացված լուրերն այն մասին, որ բոլոր պատանդներն ազատ են արձակվել եւ շուտով կմիավորվեն իրենց ընտանիքների հետ»,- գրել է Վոնգը Twitter-ում:

Հաղորդվում է, որ ակադեմիկոս Բրայս Բարքերին եւ մյուս պատանդներին զենքի սպառնալիքի տակ են պահել 20 զինված անձինք, ըստ տեղի ոստիկանության հաղորդագրության: Ոստիկանությունը չի հայտնել, թե երբ է տեղի ունեցել առեւանգումը։

Բարքերը Նոր Զելանդիայի քաղաքացի է եւ աշխատում է Ավստրալիայի Հարավային Քվինսլենդի համալսարանում:

Հնագետը եւ նրա հետազոտական խումբը դաշտային աշխատանք կատարելիս են եղել հեռավոր Սաուզերն Հայլենդսում, երբ նրանց պատանդ է վերցրել զինված խումբը:

Ուրբաթ օրը Պապուա Նոր Գվինեայի իշխանությունները հաստատել են մեկ պատանդի ազատ արձակումը: Վերջին երեք պատանդները՝ պրոֆեսորը եւ Պապուա Նոր Գվինեայի երկու բնակիչները, բարեհաջող ազատ են արձակվել:

Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն ասել է, որ վերջին երեք պատանդներն ազատ են արձակվել «գաղտնի գործողությունների միջոցով»՝ առանց 3,5 միլիոն կինա (993 000 դոլար) փրկագին վճարելու։