Մոտ 1,5 մետր տրամագծով եւս մեկ գունդ է հայտնաբերվել Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայի Տոկունոսիմա կղզու առափնյա գծի մոտ գտնվող քարանձավում, տեղական ոստիկանությունն արդեն ուսումնասիրել է առարկան եւ հաստատել, որ այն դատարկ է եւ պայթյունի վտանգ չկա։
Քարանձավում արված կադրերում երեւում է մեծ գունդ, որի մակերեւույթը գրեթե ամբողջությամբ ժանգոտված է։
Մասնագետներից մեկը այն թակելով ձայն է լսել, որը նման է դատարկ մետաղական առարկայից լսվող ձայնին։ Գնդի կենտրոնում երեւում է զոդման գիծ, իսկ կողմերից մեկում՝ հանգույցի տեսքով աղեղներ:
Հեռուստաալիքը հարցում է անցկացրել փորձագետների շրջանում, որոնք ենթադրել են, որ հայտնաբերված գունդը կարող է նման լինել անցյալ ամիս Սիզուոկա պրեֆեկտուրայի ափին հայտնաբերված գնդին:
Տեղական իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ հայտնաբերված առարկան մետաղյա բույ է։





























