Փխուկետում գործարկվել է օտարերկրյա զբոսաշրջիկների իրավախախտումներին հետեւելու նոր համակարգ, հայտնում է ThePhuket News-ը:

Այն նման է ֆուտբոլի կանոններին, որտեղ խաղացողներին գունավոր քարտեր են տալիս եւ հեռացնում խաղադաշտից։

Այսպիսով, օտարերկրացին, որը որեւէ խախտում կկատարի, դեղին քարտ կստանա։ Համապատասխան ծանուցում կուղարկվի նրա պետության դեսպանատուն, ասել է Թաիլանդի նահանգի միգրացիոն ծառայության գեներալ մայոր Պրապանսալ Պրասանսուկը։ Ընդ որում զբոսաշրջիկը կկարողանա շարունակել հանգիստը Փխուկետում, սակայն հաջորդ անգամ նրա մուտքը Թաիլանդ կարգելվի։

Հաջորդ իրավախախտման դեպքում հյուրն արդեն կարմիր քարտ կստանա եւ անհապաղ կարտաքսվի երկրից։

Պրապանսալ Պրասանսուկը չի մանրամասնել, թե որ դեպքերում զբոսաշրջիկները դեղին եւ կարմիր քարտեր կստանան։ Սակայն ներկայացրել է վիճակագրություն, թե հիմնականում որ գործողությունների համար են օտարերկրացիները ամենից հաճախ հայտնվում ոստիկանության տեսադաշտում։

Դրանց թվում են առանց սաղավարտի մոտոցիկլետ ու մոպեդ վարելը, վարորդական իրավունք չունենալը, գողությունը եւ տեղական տուրիստական ​​ընկերություններում՝ առանց Թաիլանդի միգրացիոն իշխանությունների պաշտոնական թույլտվության աշխատելը:

Ոստիկանությունը նահանգի բնակիչներին հորդորում է ակտիվորեն համագործակցել իրավապահների հետ եւ հայտնել օրենքի խախտումների մասին։ Պաշտոնյաները վստահ են, որ այս կերպ իրենց կհաջողվի մեծացնել Փխուկետի զբոսաշրջային գրավչությունը։