Սասեքսի դուքսն ու դքսուհին՝ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը, հաստատել են, որ իրենց հրավիրել են Չարլզ III թագավորի թագադրմանը, սակայն հրաժարվել են մեկնաբանել, արդյոք նախատեսում են մասնակցել արարողությանը, որը տեղի կունենա մայիսի 6-ին, թե ոչ:
«Ես կարող եմ հաստատել, որ դուքսը վերջերս թագադրման վերաբերյալ նամակ է ստացել Նորին Մեծության գրասենյակից:
Դուքսի եւ կնոջ ներկայության մասին որոշում այս պահին չի հրապարակվել», - The Times-ին ասել է Սասեքսի դուքսի եւ դքսուհու խոսնակը:
Նման պատմական իրադարձությանը հրավիրվելու անորոշությունը ծագել էր արքայազն Հարրիի հուշերի հրապարակումից, ինչպես նաեւ զույգի մասին պատմող Netflix-ի նածագծի նկարահանումից հետո, որում մի շարք աղմկահարույց հայտարարություններ են հնչել թագավորական ընտանիքի մասին։
Իր գրքում արքայազն Հարրին պնդում է, որ իր եղբայրը՝ Ուելսի արքայազն Ուիլյամը՝ Մեգանի շուրջ վեճի ժամանակ հարձակվել է իր վրա։
Նա նաեւ հաստատել է իր կնոջ եւ Ուելսի արքայադստեր միջեւ բարդ հարաբերությունների մասին՝ կիսվելով տեքստերով, որոնք ցույց էին տալիս հարսնաքույրի զգեստի շուրջ լարված խոսակցությունները:
Թագավորին մեղադրում էր նաեւ իրեն չգրկելու համար այն բանից հետո, երբ արքայադուստր Դիանան վրաերթի հետեւանքով մահացել էր, եւ Հարրին նշել է, որ վախենում էր, որ Կամիլան՝ իր «չար խորթ մայրը» կլինի:
Թագավորական ընտանիքը չի մեկնաբանել այս պնդումները, սակայն հաղորդվում է, որ թագավորը «խիստ վիրավորվել է» մեղադրանքներից։





























