Ամերիկյան Ford ընկերությունը մտադիր է իսպանական Ալմուսաֆես բնակավայրի (Վալենսիա ինքնավար համայնք) գործարանում 5,8 հազար աշխատակիցներից կրճատել ավելի քան 1,1 հազարին, գրում է El Pais թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ ընկերության ղեկավարությունը նման որոշման մասին հայտարարել է արհմիություններին՝ իր գործողությունները բացատրելով Եվրոպայում գործունեության վերակազմավորմամբ՝ կապված էլեկտրամոբիլների արտադրությանը անցնելու հետ։

Ford-ում վստահեցրել են, որ նախատեսում են արհմիությունների հետ կառուցողական կերպով աշխատել, որպեսզի նվազագույնի հասցնեն այդ որոշման ազդեցությունը աշխատակիցների, նրանց ընտանիքների եւ տեղի համայնքի վրա։