2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի եւ 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Բարձրագույն դատական խորհրդից։

Նիստի օրվա եւ ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 18/04/2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արշակ Հակոբյանը պաշտոնավարման ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ զբաղվել կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի հետեւանքով թաքցրել եւ խեղաթյուրել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:

Նշենք՝ Արշակ Հակոբյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության պետն էր։

Վլ.Գասպարյանի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ. նախաքննությունն ավարտվել է