Գիտնականները ենթադրում են, որ գլոբալ տաքացումը փոխել է ծառերի աճի ձեւը: Օրինակ, Օհայոյի տերեւավոր տեսակները երկարացրել են իրենց տարեկան վեգետացիոն շրջանը միջինը մեկ ամսով:

Հետազոտողները համեմատել են վերջին դիտարկումներն այն մանրամասն նշումների հետ, որ թողել է տեղացի ֆերմերը: Նա 1883-1912 թվականների միջեւ ծառերի աճի, անձրեւների եւ ջերմաստիճանի մանրամասն գրառումներ է կատարել:

Արդյունաբերական հեղափոխությունից հետո մեր մոլորակը վերջին 200 տարվա ընթացքում տաքացել է մոտ 1,1°C-ով: Ընդ որում, տերեւները մնում են ծառերի վրա մոտ 15%-ով ավելի երկար, քան 19-րդ դարում։

Տարբեր տեսակներ տարբեր կերպ են արձագանքում ավելի տաք ջերմաստիճանին՝ նրանցից շատերը մինչեւ աշուն ավելի երկար են պահպանում իրենց տերեւի գույնը, իսկ որոշներն ավելի վաղ են բողբոջում: Ավելի երկար վեգետացիոն շրջանի հետեւանքները դեռ հայտնի չեն:

Հավանական է, որ բույսերը ավելի շատ ածխաթթու գազ կլանեն մթնոլորտից՝ ավելի երկար աճի ժամանակաշրջանի պատճառով: Սակայն ջերմաստիճանի ավելի մեծ տատանումները կարող են նաեւ սթրեսի ենթարկել ծառերին: