Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 4-ին այցելել է Երեւանի կոնյակի գործարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։
Գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը նախագահին է ներկայացրել վերջին տարիներին գործարանի արդյունաբերական հզորացմանն ու արտադրական ծավալների ընդլայնմանն ուղղված բարեփոխումներն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ Արա Գրիգորյանը նշել է ժամանակակից զարգացած տեխնոլոգիաների եւ կոնյակագործության լավագույն ավանդույթների համադրությամբ բարձորակ արդյունք ստանալու կարեւորությունը:
Այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է գործարանում եւ Երեւանի կոնյակի գործարանի «ARARAT» թանգարանում, որտեղ ծանոթացել է «ARARAT» հայկական կոնյակի պատմությանը: Թանգարանի նախագահական սրահում Հանրապետության նախագահը մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը եւ իր ստորագրությունը դրել տակառի վրա:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն եղել է նաեւ Երեւանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է «ARARAT» կոնյակների բացառիկ հավաքածուն՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր, ապա գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:





























