Ապրիլի 12-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հյուրընկալվեցին Երևանի քույր քաղաք Լիոնից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները։

Գրադարանից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում էին Լիոն քաղաքի երրորդ վարչական շրջանի քաղաքապետ Վերոնիկ Դյուբուա Բերտրան, Լիոնի գրաֆիկական հաղորդակցության թանգարանի տնօրեն Ժոզեֆ Բելետանտը, Լիոնի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Իզաբել Բերտոլոտտին և ուրիշներ։ Տնօրեն Ռուզան Տոնոյանը հյուրերի համար շրջայց կազմակերպեց գրադարանի սրահներում, ներկայացրեց 90-ամյա հետագիծ ունեցող գրադարանի պատմությունն ու գործունեության ուղղությունները։ Հանդիպման ընթացքում կարևորվեցին քույր քաղաքների միջև մշակութային` հատկապես գրադարանային ոլորտում կապերի ամրապնդման հեռանկարները։

Պատվիրակության այցը Հայաստան կազմակերպվել է դեռևս 2018թ․ Լիոնի Մետրոպոլի ու Երևան քաղաքի միջև ստորագրված համաձայնագիրը վերակնքելու նախաձեռնության շրջանակներում։ Այդ համաձայնագրի կարևոր բաղադրիչներից են մշակույթի, կրթության ու գիտության ոլորտները, և ներկայում իրականացվող հանդիպումները նախկինում ստանձնած պայմանավորվածությունները թարմացնելու, համագործակցություն շրջանակներն ընդլայնելու նպատակներն են հետապնդում։