Երեք դատավորներ՝ Նանա Ջոխաձեն, Թամար Բեժանիշվիլին եւ Կոնստանտին Կոպալիանին, հրաժարվել են մեկնել ԱՄՆ՝ ապրիլի 22-30-ը նախատեսված վրացի դատավորների ուսումնական այցին մասնակցելու համար: Այս մասին Facebook-ում գրել է Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Դմիտրի Գվրիթիշվիլին։
Նրա խոսքով՝ սա համերաշխության յուրօրինակ ակտ է։
«Այս ամիս (22-30-ը) նախատեսված է վրացի դատավորների ուսումնական այցը ԱՄՆ։ Որպես Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ տեղեկացա, որ այդ այցին հրաժարվել են մասնակցել երեք դատավորներ՝ Նանա Ջոխաձեն, Թամար Բեժանիշվիլին եւ Կոնստանտին Կոպալիանին։ Ըստ իս՝ սա համերաշխության յուրօրինակ ակտ է, ինչպես դա եղավ Լաշա Չխիկվաձեի դեպքում (երբ մի քանի դատավորներ նույնպես հրաժարվեցին մասնակցել նմանատիպ այցին եւ ուղեւորությանը), քանի որ ակնհայտ անարդար եւ նվաստացուցիչ վերաբերմունք է վրացի դատավորների նկատմամբ ԱՄՆ-ի ներկայացուցիչների կողմից»,-գրել է նա, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը:





























