Մոսկվայի Բուտիրսկի դատարանը ապրիլի 28-ին կսկսի փակ ռեժիմով լսել Միխայիլ Խաչատուրյանի վերաբերյալ գործը, որին նրա մահից հետո մեղադրանք է առաջադրվել սեռական բռնության, պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստման եւ դուստրերի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են դատարանում։

Խաչատրյանի անունից նիստերին մասնակցելու են նրա օրինական ներկայացուցիչները։

Դուստրերի ձեռքով սպանված Խաչատուրյանին որոշել են դատել անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների երկու դրվագով, ինչպես նաեւ մի քանի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ինչպես նաեւ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու եւ համացանցում տարածելու համար։

Հիշեցնենք, որ Միխայիլ Խաչատուրյանը սպանվել էր 2018 թվականի հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւսկոյե խճուղում գտնվող իր բնակարանի մոտ: 57-ամյա տղամարդու մարմնի վրա փորձագետները նրա անձնական զենքի հավաքածուից մուրճից եւ որսորդական դանկից ստացված բազմաթիվ վերքեր են գտել։

Քննիչները պարզել են, որ տղամարդը բուժում է ստացել նյարդահոգեբուժական դիսպանսերում։ Բացի այդ, նա երկար ժամանակ փակի տակ է պահել երեք դուստրերին՝ Քրեստինային, Անգելինային եւ Մարիային։

Հարեւանների խոսքով՝ քույրերը հաճախ չէին կարողանում նույնիսկ դպրոց գնալ, հայրն էլ նրանց արգելել էր տեսնել հարազատներին։ Աղջիկների մորը՝ Աուրելիա Դունդուկին, եւ ավագ որդուն՝ Սերգեյին, հարեւանների խոսքով, Միխայիլ Խաչատուրյանը եւս պարբերաբար ծեծել է եւ ի վերջո տնից դուրս վռնդել։

Քույրերն ընդունել են սպանության մեղքը։ Կրտսեր դստերը՝ Մարիային (սպանության պահին անչափահաս), դատարանը անմեղսունակ է ճանաչել։ Փորձաքննությունները հաստատել են, որ Միխայիլ Խաչատուրյանը բազմիցս ծեծել է դուստրերին, սպառնացել զենքով եւ բռնաբարել, ինչի կապակցությամբ փաստաբանները պնդում են, որ Անգելինայի, Քրեստինայի եւ Մարիայի գործողություններն անհրաժեշտ ինքնապաշտպանություն են եղել: