2022 թվականին Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչեւ 2030 թ. պետական ծրագիրը»։ Այս ռազմավարական փաստաթղթի հիմնական նպատակը հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար որակյալ, միջազգայնորեն մրցունակ եւ մատչելի կրթության ապահովումն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «2022 թվականին ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ գիտության ֆինանսավորումը 2023 թվականին 2018 թվականի համեմատ աճել է գրեթե 2,5 անգամ կամ 150 տոկոսով։ Նախարարն անդրադարձավ նաեւ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նշելով դրա արդյունավետությունը: «Բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ են սկսվել։ Ընթանում են ակադեմիական քաղաքի ստեղծման նախապատրաստական աշխատանքները»,-ասաց Անդրեասյանը։





























