Հայաստանում երկրից մեկնող կամ ժամանող յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին օգտվում է հայկական ավիաընկերությունների ծառայություններից, ինչը բավականին լավ ցուցանիշ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «2022 թվականին ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի ոլորտում ստեղծվել է 500 նոր աշխատատեղ եւ բացվել է 9 նոր ուղղություն: «Երեւանից եւ Գյումրիից կարելի է թռիչքներ իրականացնել աշխարհի 45 ուղղություններով։ Ընդ որում, դրանց 20-25 տոկոսը սպասարկում են հայկական ավիաընկերությունները։ 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 2,5 տոկոս»,-հայտնեց նախարարը։




























