Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումի տարածքը ձեռք է բերել  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։ 

«Երեւանի քաղաքապետարանն, այո, ստորգետնյա գետնանցումներում բարեկարգ վիճակ եւ ընդհանուր ճարտարապետական լուծում ապահովելու նպատակով, նախատեսել է գետնանցումների ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող հատվածները մրցութային կարգով տրամադրել մասնավոր ընկերությունների կամ գործարարների։ Ինչ վերաբերում է Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումի մրցույթին, այն կայացել է սեպտեմբերի 19-ին։ Հայտ են ներկայացրել 2 իրավաբանական եւ 1 ֆիզիկական անձ։ Մենք չեն կարող հրապարակել նրանց անունները, քանի որ կա որոշակի ընթացակարգ եւ համաձայն այդ ընթացակարգի՝ մրցույթի արդյունքներն ամփոփելու եւ հաղթողին ճանաչելու համար սահմանված է 1 ամիս ժամկետ։ Այժմ քննարկվում եւ ուսումնասիրվում են նրանց կողմից հայտերում առաջարկված պայմանները։ Քանի դեռ մրցույթի ո՛չ հաղթողն է ճանաչվել, ո՛չ էլ մրցույթի արդյունքներն են ամփոփվել, ամեն դեպքում տեղեկացնում եմ, որ հայտ ներկայացրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մեջ Վարդան Հարությունյան անուն-ազգանուն չկա։ Նշած իրավաբանական անձանց ո՛չ հիմնադիրները, ո՛չ տնօրենները նրա հետ որեւէ առնչություն չունեն»։ 

Շուշան Սարդարյանը հիշեցրեց, որ մրցույթի հետ կապված՝ սահմանված են չափորոշիչներ, այդ թվում՝ ներդրումների չափ, բարեկարգման պարտավորություններ եւ այլն։  Նշենք, որ թերթերից մեկն իր այսօրվա համարում հիշեցնում է, որ Երեւանի Աբովյան- Կորյուն փողոցներ գետնանցումում առեւտրով զբաղվողները դեռեւս օգոստոսի 19-ին բողոքի ակցիա էին կազմակերպել  Հայաստանի նախագահական նստավայրի դիմաց:  Նրանց բողոքի պատճառ է հանդիսացել իրենց հասած այն տեղեկությունը, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել նաեւ այդ տարածքը` իրենց զրկելով նաեւ գետնանցումի կրպակներում առեւտուր իրականացնելու հնարավորությունից:

«Մեր աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ իրականացրել է աճուրդ եւ  Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումի տարածքը վաճառել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին»,- գրում է թերթը։