Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության ստորաբաժանման մասնագետները Հայաստանում, «Ալագյազ» զորադաշտում մասնակցել են բարձրլեռնային դժվարանցանելի տեղանքի հետախուզման մարզումներին։ Այս մասին տեղեկացրել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

Հատուկ զրահատեխնիկայի եւ անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ մասնագետները հետազոտել են պայմանականորեն վարակված տեղամասերը. հողի, բուսականության եւ ջրի նմուշներ են վերցրել՝ պարզելու ռադիոակտիվ ճառագայթման առկայությունը եւ թունավոր նյութերի տեսակները։

Կատարվել են անձնակազմի տարհանման գործողություններ թունավոր նյութերով պայմանական վարակման վայրից, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն՝ թունավոր նյութերից առաջացած շնչահեղձության եւ այրվածքների դեպքում։

Մարզման ծրագրում ներառվել են նաեւ հատուկ տակտիկական եւ կրակային պատրաստության վարժություններ, կատարվել է ժամանակակից հետախուզական քիմիական մեքենաների վարման նորմատիվների հանձնում։