Ռուսաստանցի ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2023 թվականի սկզբից աճել է 16,35 միլիարդ դոլարով։ Այս մասին են վկայում նոր վարկանիշի՝ Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները։

Ինդեքսը հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի գնի հիման վրա, որոնցում միլիարդատերերը մասնաբաժիններ ունեն։ Ընդհանուր առմամբ, BBI վարկանիշում ընդգրկված են մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ, որոնցից 22-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Նրանց ընդհանուր կարողությունը մայիսի 1-ի դրությամբ կազմում է 279,88 մլրդ դոլար։

2023 թվականին ամենից շատ հարստացել է «Լուկոյլ» նավթագազային ընկերության համասեփականատեր Վագիտ Ալեքպերովը։ Նրա կարողությունն ավելացել է 3,7 մլրդ դոլարով՝ մինչեւ 19,1 մլրդ դոլար։

Ամենամեծ ունեցվածքն ունի «Նորնիկել» մետաղագործական ընկերության գլխավոր սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը։ Հունվարից մայիս նա իր կարողությունը ավելացրել է 448 միլիոն դոլարով՝ հասցնելով 29 միլիարդ դոլարի։ Երկրորդը՝ Լեոնիդ Միխելսոնն է՝ բնական գազի արտադրող «Նովատեկ» ընկերության համասեփականատերը՝ 27,7 միլիարդ դոլար ունեցվածքով (+3,09 միլիարդ՝ 2023 թվականին)։ Եռյակը եզրափակում է «NLMK» պողպատագործական ընկերության շահառու Վլադիմիր Լիսինը՝ 21,6 մլրդ դոլարով (+1,74 մլրդ դոլար)։